Սյունիքի մարզում 5 օր անհետ կորած համարվող, այնուհետեւ Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված 34-ամյա կնոջ 5 անչափահասների խնամակալությունը ստանձնել է նրա 28-ամյա քույրը` Շողեր Մաթեւոսյանը: Շողերը եւս միայնակ մայր է, նրա խնամքին են 2 անչափահաս երեխաներ:

Այժմ Շողերը մեծացնելու է 7 երեխաների, բայց ասում է, որ գիտակցած է իր վրա վերցրել նման մեծ պատասխանատվություն:

«Երեխաներից ամենամեծը աղջիկն է` 15 տարեկան, փոքրը 1 տարեկան 4 ամսական է եւ հաշմանդամություն ունի: Երեխաների գրենական պիտույքների խնդիրը լուծված է, էս պահին առավել կարեւոր է, որ վառելիքի խնդիրը լուծվի, որ երեխաներին կարողանամ տաքացնեմ ձմռանը»,- ասաց Շողերը հավելելով, որ մայրս էլ է հիվանդ, հաշմանդամության կարգ ունի:

Երեխաներից ամենափոքրը 1 տարեկան 4 ամսական է, սակայն կշռում է 5 կիլոգրամ, երեխան վերջին 2 ամիսն է ինչ դուրս է գրվել Մուրացան հիվանդանոցից, երեխան չի քայլում եւ չի խոսում:

Շողերի կարծիքով` քրոջը ինքնասպանության դրդեց վերջին շրջանում կատարված իրադարձությունները, որոնք ծանր ազդեցություն թողեցին նրա վրա:

«Փոքրին որ հիվանդանոցից բերեց, շատ ընկճված էր, հետո երեխաներից մեկին սեռական բռնության էին ենթարկել, դա էր շատ ազդել նրա վրա, ու գումարած սոցիալական դժվարությունները, վերջին շրջանում էլ սկսել էր ալկոհոլ օգտագործել ու էդ վիճակում էլ ինքնասպանություն է գործել»,- պատմեց Շողերը:

Շողերը չնայած դժվարություններին, վստահ է, որ կհաղթահարի բոլոր դժվարությունները եւ պատվով կմեծացնի երեխաներին:

Նա շնորհակալություն հայտնեց իրեն աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց. «Թեկուզ չօգնեն էլ, բայց որ հետաքրքրվում են, շատ շնորհակալ եմ ուշադրության համար»

Շողեր Մաթեւոսյանին օգնելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 077403175:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։