18 օր հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ ծայրահեղ քայլի է դիմել. խցում նա կարել է բերանը եւ կտրել դաստակի երակը, հաղորդում է Forrights.am-ը:

Տիգրանին շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց եւ մի քանի վիրակապ դրել ձեռքին, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Այս մասին Forrights-ին ահազանգել է նրա մայրը՝ տիկին Մարինեն.

«Էլ չգիտեմ ինչ ա բերելու տղաս իր գլխին։ Օգնեք էլի, խնդրում եմ»,- արցունքների միջից մի կերպ խոսում էի մայրը։

Առողջական խնդիրներ ունեցող կալանավորը նման ծայրահեղ քայլերի է դիմում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»․

«Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տեւեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- օրեր առաջ պատմել էր կալանավորի մայրը։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով եւ ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։

Մայրը, սակայն, ժխտում է։ Նրա խոսքով, որդին չի գողացել, այլ փողոցի կողքից է գտել թիթեղները․ «Տղես ասում ա՝ մա՛մ ջան, եթե չեմ գողացել, հանուն ինչի՞ գնամ նստեմ։ 4-8 տարի ա հոդվածը նախատեսում, դատախազն էլ ասել ա՝ առավելագույն եմ պահանջելու։ Ախր ինձ էլ հասկացեք, ես հանցագործ չեմ թաքցնում, եթե իրոք ինքը գողացած լիներ, առաջինը ես կթքեի երեսին ու ձեռքը բռնած ոստիկանություն կտանեի։ 3 տարեկան երեխա ունի, ես էդ երեխուն 8 տարի ո՞նց եմ պահելու, ի՞նչ եմ ասելու, որ պապադ գնացել անմեղ նստե՞լ ա»,- բավականին հուզված ասում էր տիկին Մարինեն։

Տիգրանի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը, ինչը պաշտպանի պնդմամբ՝ անհամաչափ է։ Նա կալանքի տակ է գտնվում նախորդ տարվա հոկտեմբերի 11-ից։ Միայն 15 օրով է ազատության մեջ գտնվել, երբ դատարանը, որպես խափանման միջոց, գրավ է կիրառել․

«Ընդամենը 15 օր է գտնվել ազատության մեջ, այդ ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել․ներկայացել ենք բաժին, ցուցմունքներ տվել։ Դրանից հետո Արտաշատի իշխանական ուժային կառույցները կարծես լծվեցին Տիգրան Բադալյանից մուռ հանելու գործին։ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացվեց՝ խափանման միջոցի վերաբերյալ, որտեղ որոշում կայացվեց Տիգրանին նորից կալանավորել, իբր՝ ծանր հանցանքի մեջ է մեղսագրվում։ Դատախազը գոհունակ ժպիտով վստահորդիս ասաց՝ տեսա՞ր, որ էլի կալանավորվեցիր։ Ոնց որ «պրինցիպի» հարց լիներ դա»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց պաշտպան Կարլեն Ավագյանը։

Այս պահին դատական գործընթացը գտնվում է ճառերի փուլում, սակայն պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին եւ դատախազին, պատճառաբանելով, որ անաչառ չեն։ Փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորը կարծես ինքն իր համար արդեն որոշել է, որ Տիգրանն է մեղավոր եւ հենց այդ ուղղությամբ էլ գործը քննում է

«Ավարտման փուլում է գործի դատաքննությունը: Ես բացարկ եմ հայտնել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին եւ դատախազ Հրաչ Դավթյանին: Դատական գործընթացն արդար չի գնում, կասկածներ ունեմ նրանց անաչառության վերաբերյալ։ Անգամ տուժողներն են հայտարարում, որ համոզված չեն, թե հենց Տիգրանն է իրենց տանից գողություն կատարել, էլ ինչի մասին է խոսքը։ Չկան նաեւ գործով անցնող ապացույցներ, որոնք ցույց կտան, որ Տիգրանն է կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- նշում է Ավագյանը։

Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 14-ին է։ Forrights-ը հետամուտ կլինի գործի ընթացքին եւ մանրամասները կներկայացնի։