Վրաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումը կհանգեցնի նրան, որ ցամաքային սահմաններն առաջկայում չի բացի այդ երկիրը։ Հետևաբար, հայերը չպետք է հույս ունենան, որ մինչև հունվար ուղևորափոխադրումների համար Վրաստանը կբացի ցամաքային սահմանը։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Ինձ թվում է՝ չարժե մինչև հունվար սպասել ցամաքային սահմանը բացելուն, ով ցանկանում է ինչ-որ բան անել, օդային ճանապարհից պետք է օգտվի։ Բարդ շրջան է սկսվում Վրաստանում, իրենք իրենց խնդիրների վրա են կենտրոնանում, բոլոր ցամաքային սահմանները փակ կպահեն, ոչ մի հարևանի համար ոչ մի առանձնահատուկ մոտեցում չեն ցուցաբերի։ Եվ տեղին էլ չի լինի այս պայմաններում մեր կողմից մեր մի քանի տասնյակ քաղաքացիների համար Լարսի ճանապարհի բացման հարցը բարձրացնել»,- ասաց նա։

Ռուսաստանից ցամաքային ճանապարհով Հայաստան գալու և այստեղից Ռուսաստան գնալու համար բողոքող անձանց խնդիրները բարձրացնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավորները նաև շեշտում էին հումանիտար միջանցք ստեղծելու հարցը, որպեսզի որոշ խմբերի հնարավորություն տրվի հատել ցամաքային սահմանը։ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այս ընթացքում Վրաստանի կողմից մի քանի անգամ նման մոտեցում ցուցաբերվել է և Ադրբեջանի, և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դա հումանիտար քայլ էր, բայց Վրաստանը դա չի կարող միշտ կիրառել, քանի որ ռեսուրսներ է պահանջում։ «Իրենց մոտ հիմա վիճակն ավելի է վատանում, թե ոստիկանության, թե այլ ռեսուրսները ուղղելու են ներքին ուղղությամբ։ Վերջին ամիսներին շատ են գրանցվել դեպքեր, որ բեռնատարների վարորդներն են վարակված եղել, ինչը վերահսկողության առումով լրացուցիչ ռեսուրս է պահանջել»,- նշեց նա։

Անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Մելիքյանն ասաց․ «Վրաստանում այս ամիսների ընթացքում իրենք շատ պրոֆեսիոնալ ձևով կարողացան կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ պահել։ Մի կողմից իրենք պահում էին իրավիճակը, բայց մյուս կողմից պարզ էր, որ միայն լոկալ Վրաստանում այդ հարցը հնարավոր չէր լուծել»։

Տուրիզմի ոլորտում կիրառված սահմանափակումները, նրա խոսքով, մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ «Իսկ տուրիզմի ոլորտում իրենց հիմնական եկամուտը գալիս էր հարևան երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Թուրքիայից։ Եվ հիմա բոլոր այդ պետությունների հետ թե ցամաքային սահմաններն են փակ, թե ծովային։ Սահմանափակումներով նրանք կարողացան կայուն վիճակ պահպանել, բայց բնակչությունը մի քիչ այլ կերպ հասկացավ այդ «հաղթանակ» բառը, թուլացրեցին զգոնությունը։ Չնայած՝ Վրաստանի իշխանությունները ասում էին, որ միան լոկալ Վրաստանում այս հարցը հնարավոր չէ լուծել և այս ամիսների ընթացքում նրանք իրենց առողջապահական համակարգը պատրաստում էին, որ կարող է կարիք լինի զուգահեռ մի քանի հազար մարդկանց բուժում կազմակերպելու համար։ Այսօր ակտիվ մինչև 500 բուժվող ունեն, բայց ուզում են մինչև 3000-ի չափով այդ հնարավորություններն ավելացնել»,- ասաց վրացագետը։

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այս փուլում կորոնավիրուսի բռնկումը Վրաստանում սկսվել է հիմնականում Աջարիայից։ Թեպետ սահմանները միջազգային զբոսաշրջիկների համար փակ են, բայց ներքին տուրիզմի շարժը բերեց նրան, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Արդեն շատանում է այն մարդկանց քանակը, ովքեր վարակվել են, բայց աղբյուրն անհայտ է, վերահսկողությունից դուրս է եկել։ Դա այն է, ինչ մարտի վերջից սկսեց տեղի ունենալ Հայաստանում։

«Հետևաբար, Վրաստանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Եվ արդեն որոշում կա, որ լոկալ կարանտինային ռեժիմներ կսահմանեն, քանի որ արտակարգ դրությունն իրենք վաղուց են հանել։ Բայց օրենսդրական փոփոխություններ են կատարել, որպեսզի կարողանան արտակարգ դրություն  չմտցնելով երկրում՝ որոշ կարանտինային գոտիներ ստեղծել, բնակավայրեր փակել։ Այսօր արդեն Վրաստանի վարչապետն ասաց, որ օրական մինչև 10 հազար թեստավորման հնարավորություն պետք է ստեղծեն, որ կարողանան ակտիվորեն պայքարել կորոնավիրուսի դեմ։ Խոշոր քաղաքներում ուսուցումը օնլայն կսկսվի սեպտեմբերի 15-ից, և այսօրվա դրությամբ իրենք սպասում են, որ հոկտեմբերի մեկից արդեն աշակերտները դպրոց կհաճախեն։ Բայց դեռ հայտնի չէ, թե մինչ այդ ինչ կլինի»,- ասաց նա։

Վրացագետի խոսքով՝ ընտրությունները չհետաձգելու որոշում կա Վրաստանում։ Բայց չնայած դրան, որոշ կուսակցություններ դադարեցրել են ընտրական արշավը, որոշ ընդդիմադիր գործիչներ էլ արդեն վարակվել են։

«Մինչև վերջերս, երբ իրավիճակը վերահսկողության տակ էր, դա գործող իշխանություններին հնարավորություն տվեց որոշ չափով իրենց հեղինակությունը բարձրացնել։ Իրենք փորձում էին նույնիսկ տնտեսության հաշվին մինչև հոկտեմբերի 31-ը մաքսիմալ պահել այդ չակերտավոր հաղթահարած իրավիճակը, որ կարողանային մաքսիմալ դրական դուրս գալ ընտրություններին»,- հավելեց նա։ Հակաճգնաժամային ծրագրերով էլ՝ արտաքին պարտքն ավելացնելու հաշվին մոտ 2 մլրդ դոլար ներարկելով տնտեսություն ու սոցիալական ոլորտ, իշխանությունները փորձում էին նվազեցնել տնտեսական ռիսկերը։ Բայց այսօր, Ջոնի Մելիքյանի խոսքով, իրավիճակը փոխվում է։ «Չնայած իշխանության վարկանիշը դեռ բարձր է, բայց ոչ ոք չգիտի, թե մինչև ընտրությունները՝ հոկտեմբերի 31-ը, ինչ կլինի»,- հավելեց նա։