Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Մարտին Վիսկարայի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելուն, գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ առաջարկին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։ Պաշտոնանկության գործընթացի կողմնակիցները կարծում են, որ Վիսկարան իր պաշտոնը չի կարող զբաղեցնել «բարոյական անկարողության» պատճառով:

Այժմ խորհրդարանականները պետք է որոշեն Վիսկարայի հրաժարականի հարցով վճռորոշ քվեարկության օրը, որի ժամանակ վերջինիս հնարավորություն կտրվի ելույթ ունենալ խորհրդարանում։

Պերուի նախագահին վերջնականապես պաշտոնանկ անելու համար այդ բանաձևին պետք է աջակցեն 130 խորհրդարանականներից առնվազն 87-ը:

Բանաձևի հեղինակները նշում են, որ նախագահը խոչընդոտել է երգիչ Ռիչարդ Սվինգի գործի քրեական և խորհրդարանական հետաքննությանը:

Վիսկարան նախագահ է դարձել 2018 թվականին՝ նախկին նախագահ Պեդրո Կուչինսկու հրաժարականից հետո: