Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մոտեցում Մակարավանքի հուշարձանի կմ 3+700-կմ 7+800 հատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ:

Աշխատանքները կատարվում են «Արհովշին» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի Մակարավանքի հուշարձան տուրիստական հոսք ապահովելու համար: Վերոնշյալ ճանապարհահատվածը ներառված է պետական բյուջեով 2021 թվականի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերում:

Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը և Մակարավանքի քահանա տեր Արշավիրն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և նշեցին, որ ճանապարհի բարեկարգումը մեծ նշանակություն ունի համայնքի զարգացման համար: