ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչին  հայտարարել է, որ ևս մեկ տարի կպահանջվի, որպեսզի ԱՄՆ-ում կյանքը «սկսի ընթանալ բնականոն հունով», գրում է The Guardian-ը։

«Մենք բնականոն կյանքին կկարողանանք վերադառնալ միայն 2021 թվականին, նույնիսկ՝ 2021-ի վերջին»,- MSNBC-ին տված հարցազրույցում ասել է նա։

Հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի՝ կորոնավիրուսի համավարկը գրեթե հաղթահարելու և «կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին շրջադարձին մոտենալու» վերաբերյալ հայտարարությունները, Ֆաուչին նշել է, որ համավարակի մասին ընթացիկ տվյալներն իրականում «մտահոգիչ են»:

«Ես ցավում եմ, բայց ստիպված եմ չհամաձայնել նրա խոսքերի հետ, քանի որ եթե նայեք վիճակագրությանը, դրանք իսկապես մտահոգիչ են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ում նոր հիվանդությունների թիվն օրական կազմում է 40 000, իսկ մահացությունների թիվը՝ 1000։