2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նիստը, որի օրակարգային հարցը միության նոր գործադիր տնօրենի ընտրությունն էր: Մրցակցային պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնց ընթացքում թեկնածուները ներկայացրին ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները,  միության գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնեց Րաֆֆի Քասսարջյանը:

«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», – նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Մոտ երկու տասնամյակ ԱՏՁՄ֊ն, մեր շատ սիրելի Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, կարևորագույն դեր է ունեցել Հայաստանում տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում։ Տարիներ ի վեր լինելով ԱՏՁՄ համայնքի և խորհրդի անդամ՝ հաճույքով պատրաստ եմ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը։ Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների և կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի, և իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար», – նշեց նորընտիր գործադիր տնօրենը։

Ր. Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «DASAR, INC» (Պալո Ալտո), «ARAGAST B Software» (Երևան), «ACCENTURE» (Սան Ֆրանցիսկո), «FAIR ISAAC CORPORATION» (Սան Ռաֆայել), «ICON COMMUNICATIONS» (Երևան), «CONVERSE BANK/CORPORACION AMERICA» (Երևան), «MONITIS INC/TEAMVIEWER ARMENIA» (Երևան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020 թվականի փետրվարին հիմնել է «SENSYAN LLC» խորհրդատվական ընկերությունը։  Ամբողջական CV-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։