Մարզերով ուղեւորության ժամանակ Ալեքսեյ Նավալնուն ուղեկցողներից մեկը խուսափել է ցուցմունքներ տալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Սիբիրի դաշնային շրջանի տրանսպորտի վարչությանը։

Նավալնու հետ եղել է ընդհանուր վեց մարդ։ Վլադլեն Լոսը, Գեորգի Ալբուրովը, Իլյա Պախոմովը, Կիրա Յարմիշը եւ Պավել Զելենսկին  հարցերին պատասխանել են։

«Միեւնույն ժամանակ, Մարինա Պեվչիխը, …մշտապես բնակվում է Մեծ Բրիտանիայում, օգոստոսի 20-ին խուսափել է բացատրություններ տալ։ Քննության տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին… նշված քաղաքացին մեկնել է Գերմանիա, ինչի հետ կապված նրանից բացատրություն ստանալն անհնարին է դարձել։ Ներկայումս պարզվում է նրա գտնվելու վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 20-ին Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադրին Օմսկում հոսպիտալացրել էին, երբ օդանավում նրա ինքնազգացողությունը վատթարացել էր։ Բժիշկներն ախտորոշել էին նյութափոխանակության խանգարում, որն առաջացրել էր արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել դրա պատճառը, բայց Նավալնու արյան եւ մեզի մեջ թույներն չեն գտել։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Գերմանիա։ Գերմանական կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ռուսաստանցուն թունավորել են «Նովիչոկ» մարտական նյութերի խմբի սուբստանցիայով։ Մոսկվան հարցում է ուղարկել՝ խնդրելով բեռլինյան լաբորատորիայից անալիզի արդյունքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել, բայց պատասխան չի ստացել։ Սեպտեմբերի 7-ին պացիենտին կոմայից հանել են եւ անջատել ԹԱՕ սարքից։