Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) 7 երկրներ ուրբաթ սկսված վարժանքի ժամանակ կստուգեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունը։ Մասնավորապես՝ մշակվելու է ՀՕՊ ուժերի կիրառումը ԱՊՀ պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի դեմ, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով 8։00-ին սկսված զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ Օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից։ «Վարժանքի շրջանակում մշակվելու են օդային տարածքի օգտագործման կանոնները խախտող օդանավերի, ԱՊՀ անդամ պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի, առեւանգված օդանավերի դեմ, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը»,- հստակեցրել են գերատեսչությունից։

Վարժանքներին ներգրավված են 7 երկրների տարածքում 130-ից ավելի հրամանատարական կետեր, 60-ից ավելի օդանավեր, զորավարժություններին մասնակցում են նաեւ Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ։

«Օդանավերի անձնակազմերը վարժանքներին մասնակցող 7 երկրների օդային տարածքում կանցկացնեն փոխադարձ մանեւրումներ»,- հավելել են գերատեսչությունից։

Վերջին շրջանում ռուսական կործանիչները գործնականում ամեն օր օդ են բարձրանում ՆԱՏՕ-ի երկրների օդանավերին ուղեկցելու, որոնք փորձում են մոտենալ ՌԴ սահմաններին։ Սեպտեմբերի 5-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ավիացիայի կիրառման ինտենսիվությունը անցյալ տարվա համեմատությամբ մեծացել է ավելի քան 30 տոկոսով։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին եղել է այդպիսի 87 թռիչք, իսկ հիմա՝ մոտ 120։