«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ Արմեն Դարբինյանից, որը տարակուսելի մեկնաբանություն տվեց. «Հաջողություններ եմ ցանկանում Ձեզ ամենայն… Կարդացե՛ք իմ բանաստեղծությունները, դրանք ավելի հետաքրքիր են»: Փորձեցինք այս հարցի առնչությամբ զրուցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ, որը նշեց. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի եւ հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձեւավորելու կարիք կա, եւ դա կարող է առողջ ուժերի համախմբման ձեւաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին եւ դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»:

Ըստ Ավետիսյանի՝ եղել է ընդհանուր գաղափար Դարբինյանի կողմից՝ համախմբում ինչ-որ գաղափարների շուրջ, որին իրենք ընդհանուր դրական են վերաբերվում, քանի որ, իրենց կարծիքով, այդ զարգացումները առողջ ուժերի, գործիչների համախմբման հարթակ կարող է դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում