Արսեն Ջուլֆալակյանի նման մեկնաբանությունը անհաջող եմ համարում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Ափսոսում եմ, որ պարոն Ջուլֆալակյանը նման մեկնաբանություն է հնչեցրել։ Այդ մեկնաբանության հետ բացառապես համամիտ չեմ»,- ասաց Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե խմբակցությունում կան անհամաձայնություններ, ապա պետք է քննարկում անցկացնել, բարձրացնել հարցը եւ կարգավորել, իսկ Ջուլֆալակյանի կողմից արված քայլը, ըստ պատգամավորի, լուծում չէ. «ԱԺ պատգամավորը անհամաձայնություն ունենալու դեպքում ունի բոլոր լծակները այդ անհամաձայնությունը հանրային կերպով արտահայտելու, հանրային ճնշման միջոցով տեղ հասցնելու։ Կարծում եմ, որ այդ լծակները սպառված չէին»։

Լրագրողի դիտարկմանը, եթե Ջուլֆալակյանը պատգամավորի նշած լծակներն օգտագործեր, ապա գուցե դա անվանեին «թիկունքից հարված է», պատգամավորն ասաց. «Մենք մշտապես անկաշկանդ արտահայտում ենք մեր մոտեցումները։ Հակասական կարծիքը չի նշանակում, թե դու թիմին դեմ ես»։

Նա նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հարցը նույնպես այսօրվա նիստին կքննարկվի. «Մեր ֆրակցիայի համար անակնալ էր Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելը։ Կարծում եմ՝ տրամաբանական է, որ անակնկալները կքննարկվեն»։

Պատգամավորի ենթադրմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես ներկա կլինի նիստին։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը եւ «Լուսավոր Հայաստանի» կողմից նախարարի հրաժարականի պահանջին՝ պատգամավորն ասաց, որ դա խմբակցության իրավունքն է. «Թող նախաձեռնեն, տեսնենք՝ ինչ են նախաձեռնում։ Դա միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, դա «Իմ քայլի» վարած քաղաքականությունն է, որի մեծ մասին բոլորը ծանոթացել են դեռեւս հեղափոխության օրերին»։