Երեկ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշեց, որ Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման խնդիր չունի և ներկայացնելու են մասնավորեցման` հակառակ դեպքում այն գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի տրամադրվելու:

Խնդրի վերաբերյալ Tert.am- ը կապ հաստատեց Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ: Տնօրենը նշում է, որ անցյալ տարի հոկտեմբերին Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ 2020 թվականին կլինիկան պետական ֆինանսավորում չի ստանալու, սակայն կենտրոնում բուժվող ազատամարտիկների, հիվանդների և աշխատակիցների վարչապետին ուղղված բազմաթիվ բողոքները հաշվի էին առնվել, և ֆինանսավորումը տրամադրվել էր:

«Մենք ամեն տարի 750 հիվանդ ենք բուժում, ամբողջ 2020 թվականը մենք աշխատել ենք: Բայց հիմա նորից Առողջապահության նախարարությունը որոշել է, որ 2021 թվականին չի ցանկանում պետպատվեր տրամադրել: Դե ի՞նչ կարող ենք ասել, դա իրենց որոշումն է: Եթե պետպատվեր չտրամադրվի կլինիկան կլուծարվի կամ աճուրդի են դրել, որ ինչ-որ մեկը գնի: Ես չեմ կարծում, որ գնողը կկարողանա հիվանդանոցը աշխատեցնել և պրոֆիլը ճիշտ ձևով պահպանել»,- նշեց Ցոլակ Հակոբյանը:

Կլինիկայի տնօրենն ասում է, որ նևրոզ ունեցող մարդկանց քանակը աշխարհում 30-ից մինչև 65 տոկոսն է կազմում: Նևրոզների կլինիկայում բուժվում են վախեր, տագնապներ, դեպրեսիա, անքնություն ունեցող հիվանդները, սակայն առողջապահության նախարարը նշում է, կենտրոնի փակման դեպքում հիվանդները հոգեբուժարաններում կարող են բուժումը շարունակել։

«Այստեղ լավ պայմաններ են, մարդիկ կարողանում են բարձր մասնագիտական բուժում ստանալ: Այստեղի հիվանդները հոգեբուժարան չեն գնա, նրանց Առողջապահության նախարարությունը ուղարկում է հոգեբուժարան: Մեզ մոտ բուժվում են նաև ազատամարտիկներ, նրանք ասում են՝ մենք արյուն ենք թափել հայրենիքի համար, մենք գիժ չենք, մենք առողջ հոգեբանության տեր մարդիկ ենք, բայց սթրես ենք տարել, հոգեբանական խնդիրներ ենք ունեցել և հիմա այստեղ բուժում ենք ստանում: Մենք հոգեբուժարան չենք գնա: Մեր հիվանդների 99 տոկոսը չի ցանկանա հոգեբուժարանում բուժվել»:

Տնօրենը նշում է, որ կլինիկան ունի 50 աշխատող և լուծարման դեպքում աշխատողները կզրկվեն աշխատանքից, իսկ նախարարությունից այդ մասին քննարկում իրենց հետ չի արվել, միայն ուղարկվել է նամակ, որ պետպատվեր այլևս  չի տրամադրվելու։

«Եթե կլինիկան լուծարվի, որտե՞ղ են տեղավորելու աշխատողներին, 5 բժիշկ է գալիս Երևանից, բայց մնացած 40-ից ավել աշխատողները  գյուղի բնակիչներն են իրենց որտե՞ղ պետք է տեղավորեն՝ ոչ մի տեղ: Չնայած որ այստեղ խնդիրը միայն աշխատողը չէ, հնարավոր է, որ բուժաշխատողները կարողանան գործ գտնել, խնդիրը հիվանդներն են, որ նրանց բուժումը ընդհատվելու է, իսկ հոգեբուժարանում նրանք չեն ցանկանում բուժվել, որովհետև իրենք հոգեբուժարանի հիվանդ չեն»: