Աներկբա է, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, բայց շատ կարեւոր է գնահատել այդ վնասները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, տնտեսական անկումների  ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավաիճակ է տիրում երկրում եւ որքանով է այդ իրավիճակը սրվել:

Կա՞ն ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առեւտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետեւ մարդկանց կողմից արվող առեւտրի մասին է: 2020 օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է  ընդամենը 2.5 տոկոսով: Ընդ որում, այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր, նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունենք»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այստեղ կարող է փաստարկ հնչել, որ նախորդ տարվա օգոստոսին շատ մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել, այս տարի չեն մեկնել, Հայաստանում են եւ ենթադրվում է, որ ինչ-որ առեւտուր են անում. «Բայց մյուս կողմից այս տարի այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք տրամաբանորեն շատ ավելի էին ծախսում ՀՀ տարածքում, քան տեղացիները: բացի այդ, չեն աշխատում թատրոնները, թանգարանները, հյուրանոցները ընդհանրապես դատարկ են: Այսինքն այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա նման բան: Իհարկե, ակնհայտ է, որ կա սոցիալական վիճակի վատթարացում: Մենք տնտեսական աճը կորցրել ենք, հունվարին ու փետրվարի 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել:

Այս վիճակը տեղի է ունեցել նաեւ կառավարության քայլերի շնորհիվ, որովհետեւ հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել163,4 մլրդ դրամ»,-ընդգծեց վարչապետը: