Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, նկատեց, որ  մեր շատ հայրենակիցներ արդեն շատ վաղուց մեկնում են արտագնա աշխատանքի, հատկապես ՌԴ և պարբերաբար այս թեման բարձրանում է:

«Պետք է արձանագրել հետևյալը, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է, դեպի Ռուսաստան և Ռուսաստանից և իրար մեջ: Եթե ընդհանրապես խոսենք ՌԴ-ի մասին, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը կամ կան որոշ բացառություններ»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ հիմա համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնեն այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Նա հայտնեց, որ  արդեն նման քննարկում նախաձեռնել են ԵԱՏՄ ֆորմատով:

«Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար,  ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Մենք պլանավորում ենք, որ մի քանի օրից, ինչքան հասկացա Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան վերականգնել և ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ»,-ասաց  նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխություններ են իրականացնել կարանտինային ռեժիմի հետ կապված և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն և եթե լինի բացասական, մարդը կարող է կարանտին չանցնել: