ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անվստահություն կհայտնի  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 16-ին Աժ լիագումար նիստին կպահանջեն նախարարի  հրաժարականը։ Ի աջակցություն այդ պահանջի ԼՀԿ-ն նույն օրը  քաղաքացիներին հրավիրում է ԱԺ դիմաց՝ բողոքի ակցիա անելու։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տարիների ընթացքում ընդդիմության՝ անվստահություն հայտնելու գործընթացները իշխանության կողմից  անտարբերության են մատնվում կամ էլ միաձայն մերժվում են։

«Այսուհետ պրոցեսները ոչ միայն պետք է տեղի ունենան պառլամենտում, այլ դրան զուգահեռ պիտի տեղի ունենան դրսում, որովհետև երբ չի լինում հանրային ճնշում, ընդդիմությունը որպես փոքրաթիվ ձայներ ունեցող քաղաքական միավոր այս պառլամենտում չի կարողանում շատ հարցեր լուծել․․․․Հիմա մենք նպատակ ունենք անվստահություն հայտնել Արայիկ Հարությունյանին, որովհետև ակնհայտ է, որ մենք կրթական ոլորտը համարում ենք ռազմավարական երկարաժամկետ գործընթաց, մեզ համար սա մեծ նշանակություն ունի, ինչպես նաև այն ունի ազգային անվտանգության բաղադրիչներ և այս հաշվով այն ինչ նախաձեռնել է Արայիկ Հարությունյանը մեզ համար բավական հարցերի  և տարակուսանքի տեղիք է տալիս։ Մենք չենք վստահում նրան՝ որպես ոլորտի պատասխանատու։ Այդ պատասխանատու գործը՝ որոշելու սերունդների կրթական ապագան, իրականացնելու և կյանքի կոչելու»,- ասաց Անի Սամսոնյանը։

ԼՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ ամբողջ համակարգը կոլապսի է ենթարկված՝ Արայիկ Հարությունյանի չարդարացված ամբիցիաների պատճառով։

«Հիմա մենք այդ մարդուն ասում ենք՝ եթե այդ չարդարացված ամբիցիաների պատճառով մեր կրթական համակարգի վրա քար գցես, ավելի լավ է  թողնես ու պատվով հեռանաս, հակառակ դեպքում անպատիվ ես հեռանալու։ Մենք սեպտեմբերի 16-ին բազմաթիվ հարցեր կուղղենք նախարարին  և ըստ այդմ՝ կասենք այն, ինչ մտածում ենք իր կառավարման մասին»,- նշեց պատգամավորը։

Թե ինչո՞ւ են հարցը տեղափոխում «փողոց»՝   քաղաքացիներին հրավիրում բողոքի ակցիա անելու, Անի Սամսոնյանը պարզաբանում է, որ հնարավորություն են տալիս այն քաղաքացիներին, որոնք դժգոհություն ունեն ԿԳՄՍ նախարարից, նրանք ևս մասնակից լինեն այս գործընթացին։

«Մենք՝ խորհրդարանականներս այստեղ դա քննարկելու ենք և հարցը կարող է փակվել, գնալ, որովհետև մենք չգիտենք, թե մեծամասնությունը ինչպես կքվեարկի։ Ավելի շատ մտածում ենք, որ ևս մեկ անգամ մեծամասնությունը ելնելով իր կուսակցական, քաղաքական շահերից կողմ չի քվեարկի մեր նախաձեռնությանը, բայց այդ մեծամասնությունը պատրաստ է գոյատևել Արայիկ Հարությունյանի  հետ  կամ  հաշվի նստել նրա հետ, կամ էլ նրան կանաչ լույս տալ, որպեսզի շարունակի կրթական այն «բարեփոխումները», որի հետ ոչ մեկս  համաձայն չենք»,- ասաց նա։

Մեր հարցին, թե Արայիկ Հարությունյանի դեմ ակցիաներ են լինում, սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ վարչապետի վարկանիշի վրա, և նա ստիված հեռացնի նախարարին, թե՞ Արայիկ Հարությունյանը լինելով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նրան չեն հեռացնի, Անի Սամսոնյանն արձագանքում է․

«Իշխանությունը մինչև այսօր առաջնորդվել է քաղաքական թիմի, իրենց հետ քայլած, իրենց հետ ճանապարհ անցած տրամաբանությամբ՝   նշանակելով որևէ ոլորտի  պատասխանատու։ Հիմա ժամանակն է, որպեսզի  իշխանությունը գիտակցի, որ փողոց են դուրս գալիս մարդիկ, որոնք իսկապես դժգոհ են Արայիկ Հարությունյանից, դրանք նախկիններ չեն, իրենց ասած՝ «ռոբասերժականներ» չեն, թեկուզ այդ մարդիկ՝ կապ չունի, բոլոր նրանք, ովքեր դժգոհ են Արայիկ Հարությունյանից պիտի իրենց վերաբերմունքը արտահատեն և մենք այդ հնարավորությունը տալիս ենք։ Թող գան մեր թիկունքին կանգնեն, հասկանանք, որ սա մենք անում ենք՝ ոչ միայն մեր համար, այլև հասկանանք, որ մարդկանց հասել է մեր ասելիքը և կան մարդիկ ում համար մենք սա անում ենք, հակառակ դեպքում ամեն օր զանգել, բողոքել Արայիկ Հարությունյանից, ասել՝ մի բան արեք, որ նախարարը գնա, այդպես հարց չի լուծվելու»,- նկատեց տիկին Սամսոնյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանը, որը պայմանավորված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ սկզբունքային անհամաձայնությունների հետ, Անի Սամսոնյանն ասում է, թե վստահ է, որ իշխող թիմում միան Արսեն Ջուլֆալակյանը չէ, որ անհամաձայնություններ ունի, պարզապես նա անկեղծ գտնվեց և բարձրաձայնեց այդ մասին։

«Իսկ մյուսների վարքագիծը կտեսնենք այդ օրը։ Արդյո՞ք իրենց սկզբունքներին հավատարիմ կմնան, թե՞ շարժվելու են բոլշևիկյան տրամաբանությամբ, առաջնորդվելով կլանային տրամաբանությամբ, նորից հարցը թողնելով առկախված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։