Եթե սահմանված կանոնները պահենք, շատ կարճ ճամանակ հետո ինքներս կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խնդրում ենք ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս վիճակից դուրս գանք: Մենք ինքներս շահագրգռված ենք արագ վերադառնալու բնականոն հուն»,-ասաց նա:

Նշվեց, որ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է իրականացվում, եւ թեստերի թվի աճը նաեւ դրանով է պայմանավորված, նաեւ դրսից եկածներին են թեստավորում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ դպրոցների բացման թեմային. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլեւս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում:

Մեր փորձը ցույց տվեց, որ խնդրելով, աղաչելով չի ստացվում: Բայց երբ չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի: Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը քաղաքացուն ասում է՝ դիմակ կրիր, քաղաքացին սկսում է վիրավորել ոստիկանին: Չի կարող այդպիսի բան լինել:

Եվրոպական շատ երկրներում երկրորդ ալիք է տեղի ունենում: Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են կորոնավիրուսը, իսկ հիմա անգամ պարետային ռեժիմի են վերադառնում: Այս խմորը շատ ջուր է տանելու: Այսօր վաղ է որեւէ հետեւություն անելը»,-ընդգծեց վարչապետը: