ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը դա թույլ չի տալիս`  արգելափակելով այս որոշումը: Նիկոսիան պահանջում է նույնանման միջոցներ կիրառել նաեւ Թուրքիայի դեմ, հայտնում է Frankfurter Allgemeine թերթը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Աղբյուրների համաձայն` պատժամիջոցների շուրջ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել մինչեւ ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սակայն օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն աջակցել էին դրանց կիրառմանը:

Դրանից հետո դիվանագետներին հաջողվել էր կազմել այն քաղաքացիների ցուցակը, որոնց կարգելվի մուտք գործել ԵՄ եւ հաշիվները կսառեցվեն: Պարբերականը նշում է, որ ցուցակում ներառվել է շուրջ 40 մարդ:

Նշվում է, որ Կիպրոսը ցանկանում է հասնել Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների կիրառմանը` Արեւելյան Միջերկրական ծովում գազ արդյունահանելու Անկարայի պլանների պատճառով, փոխանցում է Gazeta-ն: