Կիպրոսի թուրքական հատվածը, սկսած կեսգիշերից եւ մինչեւ սեպտեմբերի 13-ը, դադարեցրել է բոլոր ուղեւորային թռիչքների ընդունումը: Այս մասին հայտնում է Կիպրոսի Թուրքական հեռուստառադիոհեռարձակման «Բայրաք» կորպորացիան:

Հյուսիսային Կիպրոսի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Մուստաֆա Սոֆին հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական իշխանություններն ծանուցագիր են տարածել դեպի Էրջան օդանավակայան (հունական անվանումը` Տիմբու) ուղեւորափոխադրումների կասեցման մասին: Միեւնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ առաջիկա օրերին ինքնաթիռները կկարողանան արտահանման թռիչքներ իրականացնել, այսինքն` դատարկ թռնել Կիպրոսի հյուսիս եւ հետ թռնել ուղեւորների հետ միասին:

Թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառն Էրջանում արտերկրից ժամանած օդային ուղեւորների չափազանց մեծ կուտակումն էր, որոնք, Հյուսիսային Կիպրոսում հաստատված կանոնների համաձայն, մեկ-երկու շաբաթ կարանտին պետք է անցնեին հատուկ նշանակված հյուրանոցներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սակայն կղզու թուրքական հատվածում համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին այդ «կարանտինային հյուրանոցներում» ազատ տեղեր չէին մնացել, եւ կղզի ժամանած մարդիկ հայտնվել էին մի տեսակ ծուղակում: Այս հյուրանոցների ծանրաբեռնվածությունը բացատրվում էր նաեւ այն փաստով, որ ոչ միայն ավիափոխադրողներ են այնտեղ ուղարկվում, այլ նաեւ այն կիպրոսցի թուրքերը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, գումարած եւս 10-15 մարդ, ում հետ նրանք շփվել են: Թուրք-կիպրական ԱԳՆ-ի ղեկավար Կուդրեթ Օսերսայի խոսքով` ներկայումս «կարանտինային հյուրանոցներում» 400-ից 450 մարդ կա:

Այն վարակվածների համար, ովքեր մասնագիտական ​​բժշկական օգնության կարիք ունեն, հիվանդանոցային մահճակալները բավարար չեն: Նիկոսիայի թուրքական հատվածի քաղաքային հիվանդանոցի բաժանմունքներից բացի, Կիպրոսի թուրքական իշխանությունները վիրուսի արագ տարածման ֆոնին վարակվածների երկրորդ կենտրոն են  ստեղծել, որը հագեցած է վերակենդանացման բաժանմունքով, բայց ունի ընդամենը 22 մահճակալ: Երրորդ նման կենտրոնը կհայտնվի մեկ ամսից ոչ շուտ:

Չորեքշաբթի օրը Կիպրոսի թուրքական հատվածում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, իսկ երեքշաբթի օրը` 38, ինչը վարակման օրական դեպքերի ամենաբարձր աճն է Հյուսիսային Կիպրոսում համավարակի սկզբից ի վեր: