Ապատեղեկատվության դեմ պայքարի պրակտիկայի ինքնակարգավորվող օրենսգրքի շուրջ համաձայնությունից 2 տարի անց Facebook-ը, Google-ը, Twitter-ը եւ մյուս տեխնոլոգիական մրցակիցները պետք է ավելի արդյունավետ դառնան, նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։

COVID-19-ի հետ կապ ունեցող ֆեյք լուրերը հաճախակիացրել են սոցցանցերին ուղղված կոչերը՝ ավելի ակտիվ լինել այս խնդրի դեմ պայքարում։

Այնպիսի ընկերությունները, ինչպես Mozilla-ն եւ գովազդային արտադրության հետ կապ ունեցող կազմակերպությունները 2018 թվականին միացել են նշված օրենսգրքին՝ փորձելով խուսափել ավելի խիստ կարգավորումից։ Հետագայում այս խմբի մեջ են մտել նաեւ Microsoft եւ TikTok ընկերությունները։

Այդուհանդերձ, դրա գործառնության առաջին տարվա գնահատումից հետո կան մի քանի թերություններ, նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Reuters գործակալության տրամադրության տակ։

«Դրանք կարող են խմբավորվել 4 ընդարձակ կարգերում՝ տարբեր պլատֆորմներում եւ անդամ պետություններում օրենսգրքի անհետեւողական եւ ոչ ամբողջական կիրառում, միասնական սահմանումների բացակայություն, մի քանի բացերի առկայություն օրենսգրքով ստանձնած պարտավորությունների ցանկում եւ սահմանափակումներ, որ հատուկ են օրենսգրքի ինքնակարգավորվող բնույթին»,- նշված է փաստաթղթում։

Արդարադատության, սպառողների իրավունքների եւ գենդերային հավասարության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան կոչ է արել ավելի շատ գործողություններ ձեռնարկել նոր ռիսկերին դիմակայելու համար։

«Քանի որ մենք դառնում ենք նոր սպառնալիքների եւ սուբյեկտների վկաները, առաջ գնալու եւ նոր միջոցառումներ առաջարկելու ժամանակն է։ Պլատֆորմները պետք է դառնան ավելի շատ հաշվետու եւ թափանցիկ։ Դրանք պետք է բաց լինեն եւ ի թիվս այլոց, ավելի շատ հասանելիություն տրամադրեն տվյալներին»,- նշել է Յուրովան։

Ներկայումս եվրահանձնակատարն աշխատում է Եվրոպական ժողովրդավարության Գործողությունների ծրագրի վրա այն տեսանկյունից, որ ժողովրդավարությունն ավելի կայուն դառնա թվային սպառնալիքների հանդեպ։

Եվրահանձնաժողովը նաեւ մտադիր է տարեվերջին առաջարկել «Թվային ծառայությունների մասին օրենք» կոչվող նոր կանոններ, ինչը կմեծացնի սոցցանցերի պատասխանատվությունն իրենց պլատֆորմներում կոնտենտի համար։