Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն հինգշաբթի արտահերթ բանակցություններ կանցկացնեն՝ կապված բրեքսիթի պայմանագրի իր մասի խախտման վերաբերյալ բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի ծրագրի հետ, ինչով պայմանավորված Բրյուսելը կքննարկի Լոնդոնի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Լոնդոնում կհանդիպի իր բրիտանացի գործընկեր Մայքլ Գոուվի հետ։ Բանակցություններին կմասնակցի նաեւ ներքին առեւտրի հարցերով եվրահանձնակատար Միշել Բարնյեն եւ բրեքսիթի հարցով բրիտանացի բանակցող Դեւիդ Ֆրոսթը։

Եթե Բրյուսելին չբավարարի Լոնդոնի դիրքորոշումը, Եվրամիությունը կարող է ԵՄ-ից դուրս գալու մասին Համաձայնագրի մասն օգտագործել Մեծ Բրիտանիայի դեմ  դատական հայց ներկայացնելու համար։

«Դուրս գալու մասին Համաձայնագրի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը գոյություն ունի»,- Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ մի եվրոպացի դիվանագետ։

ԵՄ-ում եւս երկու աղբյուրներ հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կվերլուծի Մեծ Բրիտանիայի առաջարկած ներքին շուկայի վերաբերյալ նախագիծը, որ հայց հարուցելու վերջնական որոշում ընդունելուց առաջ փոփոխությունները հաշվի առնի։

ԵՄ անդամ 27 երկրներին հղած Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշինքը կարող է Մեծ Բրիտանիայի դեմ դատական ընթացակարգ սկսել։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ ԵՄ-ից դուրս գալու մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծ էր ներկայացրել։ Ըստ այդ օրինագծի՝ ԵՄ անդամ Հյուսիսային Իռլանդիային բրիտանական շուկային եւ ապրանքներին հասանելիություն են երաշխավորում նաեւ անցումային շրջանի ավարտից հետո, ինչը, Մեծ Բրիտանիայի իշխանությունների կարծիքով, առանձնապես կարեւոր է 1998 թվականին Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ կնքված խաղաղ համաձայնագրի տեսակետից։