Վերջին 20 օրում, մենք ամենօրյա ռեժիմով  ունենում ենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք: Նաեւ կարեւոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է: Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք հիմա մոտավորապես 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մարդիկ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է:

Այս առումով կարծում եմ՝ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել: Առաջիկայում այս դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Այս առումով, կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որ վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի»,ա-սաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ երբեն լինում են մեկնաբանություններ, որոնք զարմացնում են. «Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք եւ պահպանում: Կայացված որոշումները վերաբերվում են մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Այնպես որ մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաեւ մոնիտորինգ կանենք իրավիճակը եւ եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք համապատասխան որոշումները կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն»: