«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշումը:

«Ես այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Միակ բանը, որ ուզում եմ ընդունեք ի գիտություն, պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումն է»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք այս թեմայով կարծիք հայտնելու կաշկանդվածութուն  ունի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ»:

Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին  պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ: Նրա պնդմամբ՝ նման քայլի պատճառը հանդիսացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ: