Թուրքիան ակնկալում է, որ գազի մատակարարները ավելի մրցակցային գներ եւ ճկունություն կառաջարկեն, եթե ցանկանում են երկարաձգել երկարաժամկետ պայմանագրերը տարեկան ընդհանուր  16 միլիարդ խորանարդ մետրի համար, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային:

Թուրքիայի երկարամյա գազամատակարարման պայմանագրերի ավելի քան մեկ քառորդ մասը լրանում է հաջորդ տարի, այդ թվում` ռուսական «Գազպրոմ»-ի, ադրբեջանական SOCAR-ի, ինչպես նաեւ Նիգերիայի հետ բնական գազի մատակարարման գործարքի:

Ինչպես լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, ամերիկյան LNG ընկերության հետ համագործակցությունը եւ Սեւ ծովում սեփական գազի արտադրությամբ զբաղվելու հնարավորությունը Թուրքիայի համար փոխել են շուկայի դինամիկան:

Գազի «հնաոճ» պայմանագրերը, որոնք հաճախ ինդեքսավորվում են նավթի գներով եւ տույժեր են սահմանում գնորդների վրա, եթե նրանք հրաժարվում են ամբողջ քվոտան գնելուց, այլեւս չեն համապատասխանում  գազի հանգույցներում գործող շուկայական իրողություններին:

«Մենք սկսել ենք քննարկել` արդյո՞ք կերկարաձգենք (կամ) կփնտրենք այլընտրանքային մատակարարումներ»,- լրագրողներին ասել է անանուն աղբյուրը:
Նա նշել է, որ այս որոշումը կախված կլինի նրանից` որդյոք մատակարարների մոտեցումը պայմանավորված կլինի «նույն հին սովորություններով` ոչ մի ճկունություն, ոչ այդքան մրցակցային գնային առաջարկներ»:

Նավթի եւ գազի թուրքական պահանջմունքները գրեթե ամբողջությամբ կախված են ներմուծումից: Այս տարվա առաջին կեսին ներմուծումը Ռուսաստանից եւ Իրանից ընկել է, իսկ Ադրբեջանից մատակարարումներն ավելացել են, իսկ ամերիկյան գազի գնումները կտրուկ աճել են:

«ԱՄՆ-ն հանկարծ դարձավ թուրքական շուկայի երկրորդ խոշորագույն մատակարարը 2020-ի առաջին կեսին: Հիմնական պատճառն այն էր, որ դրանք շատ մրցունակ էին»,- ասել է նա: