Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկելու է Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը: Պատգամավորները խորհրդարան են վերադառնալու ամառային արձակուրդներից հետո: Ինչպես հայտնի է համավարակով պայմանավորված հայկական օդային սահմանները փակ են, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն էլ հանգստին անցկացրել են Հայաստանում: Այս օրերին խորհրդարանի միջանցքներում որոշակի ակտիվություն նկատվում է, հանձնաժողովի  նիստեր էլ են հրավիրվում, բայց ամբողջական կազմով՝ 131 հոգով այս դահլիճում պատգամավորները կհավաքվեն երկուշաբթի:

Այս ամիս նաեւ Ապրիլյան հանձնաժողովի զեկույցն է ներկայացվելու է Ազգային ժողովի նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրը, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.«Զեկույցը ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի եւ բաց տիրույթներ. ըստ «Պետական գաղտնիքի մասին օրենք»-ի՝ հնարավորություն կտրվի թե՛ հասարակությանը, թե՛ Ազգային ժողովի պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմնի հիմնական պատասխանատուներին ծանոթանալ զեկույցին։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ կարդացել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ըստ որոնց՝ հերքվում են տանկերում վառելիքի փոխարեն ջուր լինելու պնդումը, զենքի և փամփուշտի պակասը։ Քոչարյանը, ի պատասխան այս հարցին, նշեց, որ այդ գրառման բովանդակությունից չի երևում, որ դա արձանագրության նյութ է, բացի այդ դրանք գաղտնի փաստաթղթեր չեն եղել:

Սերժ Սարգսյանը օգոստոսին տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե Ապրիլյանի ժամանակ բանակում մատակարարվող բենզինն անորակ է եղել, վրիպում էր։ Անդրադառնալով սրան՝ Անդրանիկ Քոչարյանը հարց բարձրացրեց՝ արդյոք 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն այդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանին հարցեր տալու: Քոչարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսին տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի աշխատանքը բերեց նրան, որ բանակի կառավարման օղակները այլ ձևով սկսեցին նայել իրենց առաջ դրված հանձնարարություններին: Որպես փաստ էլ իշխանական պատգամավորը նշեց՝ տավուշյան դեպքերը:  «Այժմ բանակը ունի միայն արտաքին թշնամի»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններին՝ բանակը ներքաղաքական հարցերին ներգրավելու այդ ժամանակվա իշխանությունների որոշումը։