Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։

Մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը մկնդեղից թունավորման հետևանքով չի եղել. «Երբ իմացավ՝ երեխան մահացել է, կոմայի մեջ ընկավ: Այսինքն՝ մահը վրա է հասել սթրեսից»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։

Վերջինիս խոսքով՝ հոգեբուժարանից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ՝ գիտակցության չգալով, մահացել է:

Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ Օրեր անց 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։ Ընտանիքի մյուս 5 երեխաները տեղափոխվել էին «Մուրացան» հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել: Երեխաների պապը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։