Ճապոնական Peach Aviation լոուքոսթերի օդանավը կատարել է հարկադիր վայրէջք ուղեւորի պատճառով, որը հրաժարվել է հետեւել կորոնավիրուսի համավարակի շրջանում թռիչքների կանոններին եւ օդանավում սկանդալ է սարքել։ NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայում առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի դեպք։

Օդանավը, որի մեջ 124 մարդ կար, երեքշաբթի օդ է բարձրացել Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի Կուսիրո օդանավակայանից՝ ուղեւորվելով արեւմտյան Օսակա քաղաք։ Ուղեկցորդները նկատել են, որ ուղեւորներից մեկը առանց դիմակի է եւ նրան խնդրել են դիմակ դնել։ Տղամարդը, սակայն, հրաժարվել է դա անել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պահանջը կատարելու բազմաթիվ խնդրանքներից հետո տղամարդը օդանավի սրահում սկանդալ է սարքել, բարձր բղավել է եւ սպառնացել անձնակազմին ու ուղեւորներին, որոնք հրաժարվել են նստել նրա կողքին։ Արդյունքում օդաչուն ճանապարհի գրեթե կեսին հարկադիր վայրէջք է կատարել Նիիգատի օդանավակայանում։ Այնտեղ ավիաընկերության կանոններին չհետեւող տղամարդուն օդանավից իջեցրել են։ Դրանից հետո օդանավն ուղեւորվել է Օսակա, որտեղ հասել է 2 ժամ ուշացումով։