Tesla եւ SpaceX ընկրությունների հիմնադիր Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում տեղից զրկվել է, երբ մեկ օրում կորցրել է 16,3 մլրդ դոլար, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով իր Bloomberg Billionaires Index-ը (BBI)։

Ըստ վարկանիշի տվյալների՝ հիմա Մասկի կարողությունը կազմում է 82,2 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տալիս զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։ Գործակալությունը նշում է, որ նման նվազումը BBI-ի պատմության մեջ ամենախոշոր մեկօրյա անկումն է։

Միլիարդատիրոջ կարողության նման կտրուկ նվազումը հարուցել է Tesla-ի բաժնետոմսերի անկումը։ Նախօրեին դրանք կորցրել էին արժեքի մեկ հինգերորդ մասը, նվազելով 21,06 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի համար մինչեւ 330,21 դոլար։

Դեռեւս սեպտեմբերի 1-ին Tesla-ի արժեթղթերն արժեին մեկ երրորդով ավելի թանկ՝ ավելի քան 498 դոլար։ Դրանց արժեքի նվազման վրա կարող էր ազդել չհիմնավորված կտրուկ աճի «պղպջակի» ձեւավորումը, ինչպես նաեւ այն, որ անցյալ շաբաթ ընկերություններին չի հաջողվել հայտնվել S&P 500 ընդարձակ շուկայի ինդեքսի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ BBI-ի՝ դեռեւս աշխարհի ամենահարուստ մարդն է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 186 մլրդ դոլար կարողությամբ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կապիտալը գնահատվում է 121 մլրդ դոլար, երրորդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (103 մլրդ)։ Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 մլրդ դոլարով, իսկ հինգերորդ հորիզոնականը՝ ներդրող Ուորեն Բաֆեթը, որն ունի 82,4 մլրդ դոլար։