Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին, այս մասին հաղորդվում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության  ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարեւորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։