Բելառուսում սեպտեմբերի 9-ին խուզարկություններ են իրականացնում ընդդիմության ներկայացուցիչների մոտ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ ընդդիմության առաջնորդներից միայն Սվետլանա Ալեքսեևիչն է ազատության մեջ գտնվում:

Քննչական գործողությունների մասին հայտնել են ձերբակալված ընդդիմադիր գործիչ, բանկիր Վիկտոր Բաբարիկոյի շտաբից, որտեղից ավելի վաղ տարել էին Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակին: Շտաբում քննչական գործողություններ են կատարում երկրի ՆԳՆ աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով մարդիկ:

Ընդդիմությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում նաև խորհրդի նախագահության անդամներ Մաքսիմ Զնակի և Մարիա Կոլեսնիկովայի տներում:

Զնակի փաստաբանը հայտնել է, որ վեջինիս ձերբակալել են Համակարգող խորհրդի ստեղծման մասին գործով՝ «երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու համար:

Բացի այդ, նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսեևիչը տեղեկացրել է, որ անհայտ անձինք փորձում են ներխուժել իր բնակարան: Ներկա պահին նա խորհրդի անդամներից միակն է, որն ազատության մեջ է գտնվում: