Միանգամից երկու դեղագործական ընկերություններ առաջին անգամ ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսի դեմ հավանական չինական պատվաստանյութեր, երկուշաբթի հաղորդել են ասիական ԶԼՄ-ները:

Պատվաստանյութերը մշակել են Sinovac Biotech-ը եւ Sinopharm-ը: Նմուշները ներկայացվել են Պեկինի ցուցահանդեսում:

Պատվաստանյութերն այժմ գտնվում են կլինիկական փորձարկումների երրորդ փուլում: Արտադրողները հուսով են դրանց կիրառման թույլտվությունը ստանալ մինչեւ 2020 թվականի ավարտը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մայիսին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը խոստացել էր, որ հաջող փորձարկումների դեպքում Չինաստանի կողմից մշակված պատվաստանյութերը կդառնան «համաշխարհային հանրային բարիք»:

Ամբողջ աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ: Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: