Սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հանդիպումը։ Կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր:

Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Սեյրանյանը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության գոհունակությունն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության մակարդակի առնչությամբ։ Կողմերը համաձայնել են, որ գոյություն ունեցող իրավական բազան, այդ թվում Կիևում 2008թ․ նոյեմբերի 13-ին Հայաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ուկրաինայի գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը թույլ է տալիս գործակցությունն իրականացնել ամենաբարձր մակարդակով։

Հայ դիվանագետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Ուկրաինայի իրավապահ համակարգի հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Ի պատասխան տիկին գլխավոր դատախազը հայտնել է, որ «մենք Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն ենք հաստատել միջազգային իրավական փոխօգնության հարցում: Պարբերական երկկողմ շփումները թույլ են տալիս արդյունավետ կերպով լուծել երկու երկրների խնդիրները, մարտահրավերները և ընդհանուր խնդիրները հանցավորության դեմ պայքարի գործում»։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի բազմահազար հայ համայնքին առնչվող հարցեր։ Տիկին Վենեդիկտովան փաստել է, որ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունն օրինապաշտ քաղաքացիներ են և դրականն այն է, որ համայնքում գործում են կարգավորիչ օրինակելի մեխանիզմներ, որոնք հիմնված են հայ ժողովրդի հարուստ ավանդույթների և մշակույթի վրա։