Եթե ցանկանում էին ինձ ազատել պաշտոնից, թող լուրջ պատճառ գտնեին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատման ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի որոշմանը։

Նշենք, որ ըստ նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի՝ Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

«Հարկի նվազեցում առաջացել է բայց Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի 379 որոշմամբ այդ գումարը փոխանցել են մեզ ու մենք էլ վճարել ենք հարկերը։ Այսինքն, եթե ես ինչ-որ մի բան անեի թող քրեական գործ հարուցեին՝ հարկերից խուսափելու հիմքով, բայց քանի որ իմ մեղքով չի եղել, այդ խնդիրը բոլոր ՊՈԱԿ-ների համար կա»,- ասաց Վիրաբյանը։

Անդրադառնալով իր գործունեության վերաբերյալ դիմում-բողոքների հարցին՝ Վիրաբյանն ասաց. «Եթե տարեկան 100 հազար քաղաքացի է դիմում, 2-3 դիմում չի՞ լինի։ Այդ դիմում-բողոքների բովանդակությանը ծանոթ չեմ»։

Մեր հարցին՝ արդյոք փորձե՞լ է կապ հաստատել նախարարի հետ՝ պարզաբանելու համար, Վիրաբյանն ասաց. «Ես աշխատանքից ազատվելու մասին երկու ժամ առաջ եմ տեղեկացել։ Չեմ փորձել նախարարի հետ կապ հաստատել։ Նա նույնիսկ չի ցանկացել ինձ տեսնել. այդ ամենն էլ օգնականների միջոցով է հայտնել»։