Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել  է սահմանադրական կարգի տապալման գործով հերթական նիստը։ Ամբաստանյալի աթոռին է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  Գործով անցնում են նաեւ  Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Այսօրվա նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Կալանքից գրավով ազատ արձակված Քոչարյանը, հիշեցնենք ըստ փաստաբանների ուներ առողջական խնդիրներ, սակայն ազատ արձակվելուց հետո դրանք կարծես թե այլևս չկան: Ինքը Քոչարյանը՝ ակտիվ սպորտային կյանքով է ապրում, հարցազրույցներ տալիս, իսկ ահա առողջականի մասին այլևս նրա պաշտպանական թիմը չի խոսում: Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներն առարկեցին պաշտպանական կողմի՝ տուժողների դատավարական կարգավիճակը դադարեցնելու միջնորդության դեմ՝ խնդրելով դատարանին այն մերժել։  Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի իրենց առարկությունները պաշտպանական կողմը ներկայացրեց խեղաթյուրված ձեւով եւ շեշտեց, որ տուժողների դատավարական կարգավիճակը քրեական գործով փաստվել է։

Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր դադարեցնել Մարտի 1-ի՝ դատարան ուղարկված գործով տուժող ճանաչված անձանց կարգավիճակները՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն տուժել կոնկրետ սահմանադրական կարգի տապալումից, եւ որ սահմանադրական կարգի տապալման հոդվածքը նման հանցակազմ չի ներառում։ Քոչարյանի պաշտպաններից  Արամ Օրբելյանն անդրադառնալով դատախազի հայտարարությանը, ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ ինքն ու դատախազը տարբեր տեղեր են իրավաբանություն սովորել։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։  Երեկ  Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել էր, թե իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն են նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված։ Այս հարցին այսօր անդրադարձավ նաեւ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշեց՝ ամբողջությամբ ծանոթ չէ Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը եւ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են:

Միաժամանակ Մարտի 1-ի գործով տուժողները իրավիճակը փակուղային չեն համարում, իշխանությանը ազդակ են փոխանցում: Հույս ունեն, որ 2008-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորները կպատժվեն: Դատական նիստը դարձյալ հետաձգվեց, այն կշարունակվի հաջորդ շաբաթ: