Պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում, ռազմաբժշկական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով, սեպտեմբերի 1-ից 5-ը ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունն այցելել է նաև Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներ:

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Պաշտպանության բանակի հրամանատարի, ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչների և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ: Ներկայացվել է նորաստեղծ ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության գործունեությունը, քննարկվել են զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զինհաշմանդամների առողջապահական, սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային ապահովության, բնակարանային ապահովման ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության և ԱՀ համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ: