«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չի ընտրելու նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին:

Բանն այն է, որ իշխող խմբակցությունն այսպես որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է ուղղակի նշանակել հետագայում, ոչ թե ընտրել»:

Եվ այժմ, մերժելով նախագահի առաջադրած թեկնածուին, իշխող խմբակցությունը ցանկանում է ցույց տալ, որ դեմ է նաեւ Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին եւ թեկնածուին: Այսինքն՝ իրավիճակն ավելի է թեժանում, եւ, բացի Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը հակադրվելուց, իշխող խմբակցության անդամները որոշել են այսպես հակադարձել նաեւ հանրապետության նախագահին:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին կարգով վատ եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի կատարած աշխատանքի մասով եւ ընդգծել, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը, այդ եզրակացությունից ելնելով, կարող է նրան էլ դեմ քվեարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում