Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել  է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:

«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես  շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սաակաշվիլին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ընթացքում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն տեղեկացրել է, որ վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: