Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը: Նա ասել է, որ չգիտի «որեւէ դեպք», երբ պատժամիջոցները Ռուսաստանի նման երկրի նկատմամբ ստիպել են «փոխել իր վարքը»: Այս մասին Ալթմայերն ասել է երկուշաբթի` սեպտեմբերի 7-ի երեկոյան, ARD հանրային իրավաբանական մեդիաընկերության եթերում:

Պատժամիջոցներն ավելի շուտ «քաղաքականության խստացման» են հանգեցնում երկրում, կարծում է նախարարը:

Այնուամենայնիվ, նա չի բացառել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ: Նման միջոցների բացառումը կթուլացնի մեր դիրքերը Ռուսաստանի նկատմամբ, ասել է Ալթմայերը, փոխանցում է DW-ն:

Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Ռուսաստանի կողմից «մարդու հիմնարար իրավունքների» ոտնահարումը չի կարելի հանդուրժել: Սակայն նա շեշտել է ԵՄ համակարգված մոտեցման անհրաժեշտությունը, քանի որ Նավալնու թունավորումն «ընդհանուր մարտահրավեր է արեւմտյան ժողովրդավարական երկրների համար»:

Նույն օրն ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չէր բացառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Մեկ օր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Ալեքսեյ Նավալնու թունավորումը կապել էր գազատարի կառուցման հետ: Մաասը խոստովանել էր, որ գազատարի դադարեցումը վնաս կհասցնի գերմանական եւ եվրոպական ընկերություններին: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, սխալ կլիներ «սկզբից բացառել» որեւէ հետեւանք ՝այս նախաձեռնության համար Նավալնու շուրջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

ԱՄՆ-ն դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը: Դրանց կարծիքով` այն կբարձրացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակների տեղադրման աշխատանքները դադարեցվել են եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Միջոցառումները, որոնք ուժի մեջ են մտել 2019-ի դեկտեմբերից, ԱՄՆ մուտքի արգելք են ներառում այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ցանկացած ակտիվների սառեցում երկրի տարածքում: Ավելի ուշ` 2020 թվականի հունիսի 4-ին, հանրապետականներն ԱՄՆ Կոնգրեսի Սենատ էին ներկայացրել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագիծը: