Վրաստանն առայժմ չի պատրաստվում ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց հետ կվերականգնվեն կանոնավոր թռիչքները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարությունը քննարկում է այլ երկրների հետ սահմանները բացելու եւ կանոնավոր թռիչքները վերսկսելու հարցը` հաշվի առնելով այն փաստը, որ որոշվել է Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացիներից ՊՇՌ թեսթ պահանջել:

Տիկարաձեն ասել է, որ «այդպիսի առաջարկություն օրակարգում չկա», եւ դա բացատրել է այն փաստով, որ այլ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվել է, հայտնում է «Իմեդին»:

Հարկ է նշել, որ եվրոպական մի քանի երկրներում, օրինակ՝ Հունաստանում եւ Լեհաստանում վարակվածների թիվը շատ ավելի ցածր է, քան Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Մինչդեռ Վրաստանն օգոստոսից իր սահմանները բացել է միայն հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի քաղաքացիների համար: Թբիլիսիի օդանավակայանից կանոնավոր թռիչքներ այդ երկրներ իրականացվում են շաբաթը երկու անգամ: Այս երկրների քաղաքացիները եւ մշտական բնակիչները կարող են գալ Վրաստան եւ մնալ երկրում՝ առանց կարանտին անցնելու: Միեւնույն ժամանակ, նույն չվերթներով տուն ժամանող Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է կարանտին անցնել, որի ժամկետն այսօր կրճատվել է՝ դառնալով 8 օր:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրություն.

Ֆրանսիա – մեկ օրում 7071 նոր դեպք, 4994 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Գերմանիա – մեկ օրում 990 դեպք, 3014 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Լեհաստան – մեկ օրում 497 նոր դեպք, 1872 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Հունաստան – մեկ օրում 138 նոր դեպք, 1107 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Լեհաստանը եւ Հունաստանը առաջարկել էին առանց խոսքի սահմանները բացել Վրաստանի համար, այսինքն`որպեսզի այդ երկիր ժամանելուց հետո Վրաստանի քաղաքացիները կարանտին չանցնեին, սակայն Վրաստանի կառավարությունը մերժել էր ի պատասխան նույն քայլն անել:

Ավելին, սեպտեմբերից Վարշավայի եւ Թբիլիսիի միջեւ չարտերային թռիչքներն իրականացվում են միակողմանի՝ Լեհական Lot ավիաընկերության ինքնաթիռը կարող է ուղեւորներին դուրս բերել Թբիլիսիից, իսկ է Վարշավայից Թբիլիսի պետք է ժամանի դատարկ ինքնաթիռ` առանց ուղեւորների: