Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին: Այս մասին սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է մարտի 1-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց Եգորյանը:

Նա նշեց, որ իրենց չմասնակցելը չի նպաստելու նրան, որ գործն ընթանա այս կամ այն ուղղությամբ: