2020թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 226 հոդված, որոնցից 144-ը եղել է բացասական, 82-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամենաքննադատվող քաղաքական գործիչներից է։ Դրական հոդվածներ նրա մասին չեն դիտարկել, իսկ բացասական հոդվածները գերաանցում են նույնիսկ չեզոք հոդվածներին։

Լրատվականներում անդրադարձ է կատարվել Հայկ Մարությանի արձակուրդ մեկնելու հաճախականությանը։ Համեմատական է տարվել նաև նախկին քաղաքապետերի և Հայկ Մարությանի միջև․ «Երևանի նախկին քաղաքապետը, ղեկավարման առաջին երկու տարիներին արձակուրդ է մեկնել երկու անգամ: Հայկ Մարությանը անչափ «ծանր և տքնաջան» աշխատանքի ֆոնին հանգստի է մեկնել կրկին՝ հինգ անգամից ավել: Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնել երկու անգամ, նրա նախորդը` Լևոն Ալթունյանը, մեկ անգամ»։

Ըստ մամուլի հրապարակումների՝ սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում տեղի կունենա փոխքաղաքապետի ընտրություն: Արդեն հայտնի է, որ թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Ավելին, օրեր առաջ փոխքաղաքապետի թեկնածուն արդեն հանդիպել է իշխող խմբակցության պատգամավորներին եւ արդեն իսկ հայտնի է, որ ավագանու անդամներից շատերը դեմ են քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած թեկնածուին:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Երևան քաղաքի տրանսպորտային ցանցում նոր Գազել մակնիշի ավտոմեքենաների շահագործմանը, անցկացված մրցույթներին և 15 տարին լրացած Գազելների երթուղուց դուրսբերմանն, ասել է․ «Դուրս չեն եկել, ինչպես խոստացել էր Մարությանը, հրահանգ է եղել պահել այդ գերմաշված գազելները, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինում։ Կա կառավարության գործող որոշում, ըստ որի չի թույլատրվում 15 տարվա գազելները շահագործել։ Եթե նման գազելները վթարի ենթարկվեն՝ գտնելու են մի շարքային աշխատողի եւ նրան պատասխանատվության ենթարկեն։ Եթե կա կառավարության որոշում, եւ այդ գազելները դուրս չեն գալիս շահագործումից, ապա կառավարությունը պետք է որոշումը փոփոխի եւ իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Դավիթ Խաժակյանն առաջարկում է՝ թողնել մեծամիտ վերաբերմունքն այս գործին եւ ներգրավել մասնավոր ընկերություններին՝ միասնական օպերատորներին, ցանկալի երկուսին եւ նրանց տալ երաշխիքներ, որ իրենց հետ չեն վարվի այնպես, ինչպես շատ ներդրողների հետ, եւ այդ երկու օպերատորներն էլ բերեն նոր ավտոբուսներ․ «Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջի, բայց գոնե այս պահից սկսենք։ Հարյուր ավտոբուսը կառավարության արտաքին պարտքով 25 միլիոն եվրո կարժենա։ Նոր տրանսպորտային ցանցը նախատեսում է 900 ավտոբուս, կառավարությունը ինչ ճոխություն պետք է թույլ տա, որ մայրաքաղաքի համար գնա եւ ավտոբուսներ բերի։ Բերեք մասնավոր ընկերություններին։ Բայց Մարությանը նախընտրում է, որ դա համայնքային գույք լինի, որպեսզի բենզինն էլ, ամեն ինչն էլ իրենք գնեն, ցանցն էլ ինքնուրույն կառուցել»։

Մամուլն, անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին, գրել է․ «Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարեւոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։ Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել եւ խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել եւ ճաշել են միասին։

Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։ Հիմա նա «վերջին» բառերով է արտահայտվում Մարությանի հասցեին՝ համարելով, որ իրեն տարել-«փչացրել» է»։