Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 3549 քաղաքացիներից 1022-ն է բուժում ստանում հիվանդանոցային պայմաններում, մնացածը՝ տանը: Տնային պայմաններում բուժում են ստանում հիմնականում թեթև դեպքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Երեկվա դրությամբ 3549 փաստացի դեպքից 2527-ը տանն են, մնացածը՝ բժշկական կենտրոններում»,-ասաց խոսնակը:

Թե ինչ վիճակում պետք է լինի քաղաքացին հոսպիտալացվելու համար, չափանիշները սահմանված են Առողջապահության նախարարի հրամանով: Նիկողոսյանի խոսքով՝ հիմնականում հոսպիտալացվում են նրանք, որոնք ունեն շնչառական խնդիրներ, թոքաբորբ: «Իսկ եթե անձն ունի, օրինակ 37,5  աստիճան ջերմություն, սակայն ոչ մի այլ կողմնակի ախտանշան, թեստավորումից հետո մնում է տանը՝ համարվելով թեթև դեպք: Սակայն, եթե դիտվում է օրինակ ջերմության կտրուկ բարձրացում կամ այլ բան, ապա պոլիկլինիկայի բժշկի միջնորդությամբ տեղափոխվում է հիվանդանոց»,-նշեց նա:

Առողջապահության նախարարի հունիսի 30-ի համապատասխան հրամանի համաձայն՝  թեթև ընթացքով պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում` ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով: Միջին ծանրության COVID-19 պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում, ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով: Բուժումը արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու հարցը որոշվում է` կախված պացիենտի ռիսկի գործոններից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից: Բարձր ռիսկի դեպքում ցանկալի է բուժումը կազմակերպել հիվանդանոցային պայմաններում:

Կորովիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող հիվանդանոցների թիվն այս պահին ինն է, դրանցից մի քանիսը ոչ թե ամբողջությամբ վերապրոֆիլավորված են, այլ պարզապես բաժանմունքներ ունեն: Մարզային հիվանդանոցներից միայն Կապանի հիվանդանոցում մի բաժանմունք է սպասարկում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին: Երևանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին սպասարկում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը, Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը: Արաբկիրի բժշկական համալիրն ունի այս հիվանդությամբ քաղաքացիներին սպասարկող բաժանմունք, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ունի կորոնավիրուսվ վարակված հղիների համար բաժանմունք, բաժանմունք ունի նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրամը: Սակայն Նիկողոսյանի խոսքով՝ վերջինս այս պահին հիվանդների  շատ քիչ թիվ ունի և ամենայն հավանականությամբ շուտով կփակվի:

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք: