Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ

Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել եւ ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում՝ Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան  մուտք է գործել ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձեւակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է  կեղծ հաշիվ ապրանքագիր: Ըստ կեղծ ապրանքագրի  Ռուսաստանի Դաշնությունում  գնված եւ ՀՀ տեղափոխվող ապրանքը իբրեւ թե հանդիսանում է արեւածաղկի հիդրոֆուզ։ Օպերատիվ աշխատակիցները հետազոտման են ենթարկել  ավտոմեքենան  եւ դրանում առկա բեռը,  արդյունքում հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 հազ. լիտր քաշով «SINTEC», «GAZPROMNEFT», «ROSNEFT» եւ «ROLF» տեսակի շարժիչային յուղեր։

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ «ԴԱՖ» մակնիշի  ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության։ Բեռնատարն  ու ապրանքներն առգրավված են։

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։