Կիրակի իսրայելական Ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքն ու հայտնվել երկրի հարավային շրջանների երկնքում, հաղորդում է Al-Watania գործակալությունը։

«Իսրայելցի օդաչուները ցածր բարձրության վրա իմիտացրել են օդային հարձակումներ Նաբաթիա եւ Իքլիմ աթ Թուֆահ շրջանների վրա»,-նշում է գործակալությունը, որի տեղեկություններով՝ իսրայելական ինքնաթիռները կատարել են նաեւ ինտենսիվ թռիչքներ Սայդա եւ Տիր քաղաքներում տեղակայված պաղեստինցի փախստականների ճամբարների վերեւում։

Ինչպես նշում է գործակալությունը, կիրակի այդ ճամբարներ այց է կատարել ՀԱՄԱՍ իսլամական շարժման քաղխորհրդի ղեկավար Ասմայիլ Խանիան, որն իր ելույթի ժամանակ հայտարարել է «պաղեստինցի փախստականների՝ հայրենի օջախ վերադառնալու սրբազան իրավունքի մասին», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Խանիան մասնակցել է Բեյրութում սեպտեմբերի 3-4-ին կայացած պաղեստինյան համաժողովում, որը նվիրված էր Մերձավոր Արեւելքում իսրայելա-ամերիկյան ծրագրերին հակազդելու ազգային ռամզավարության մշակմանը։

Լիբանանի տարածքում գտնվում է պաղեստինցի փախստականների 12 ճամբար, որոնք ստեղծվել են 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմից հետո․ այդտեղ ապրում է շուրջ 450 հազար մարդ։