Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։  Հանդիպման սկզբում Վանաձորի Հայորդյաց տան հոգեւոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը հայորդյաց տների պատասխանատուների անունից իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։

Այնուհետեւ իր օրհնության եւ գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարեւորելով հայորդյաց տների առաքելությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արտադպրոցական կրթության այդ կենտրոնների ստեղծման նպատակն էր 1990-ական թվականների դժվարին շրջանում փաղոցի ազդեցություններից կտրել երեխաներին ու պատանիներին եւ նրանց համար ապահովել ճիշտ խնամք ու դաստիարակություն՝ առիթ ընձեռելով զարգացնելու իրենց ձիրքերն ու շնորհները, հմտությունը արվեստներում, արհեստներում եւ սպորտում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ ժամանակին այդ տեսլականին վստահեցին ՀՀ իշխանությունները՝ այդ նպատակով Եկեղեցուն հատկացնելով երեք կառույցներ Երեւանում, իսկ կենսագործմանը նպաստեց ՀԲԸՄ նախագահ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը։ Վեհափառ Հայրապետի խոսքով, 1993 թ․ հաստատված երեք հայորդյաց տները, ՀԲԸՄ-ի համագործակցությամբ ու զորակցությամբ, ամուր հիմք դարձան այսօր արդեն կայացած, արդեն ավանդույթներ ձեւավորած ցանցի, որն ընդգրկում է յոթ հայորդյաց տներ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում եւ Մանրանկարչության կենտրոնը Երեւանում: Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդյաց տները, ուր այսօր ուսանում է շուրջ հինգ հազար աշակերտ, իրենց առաքելության ընթացքում կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր հայորդիներ։ Այս առումով Հայրապետը հույս հայտնեց, որ ժամանակի մեջ բարերար հայորդյաց աջակցությամբ հնարավոր կլինի նման կրթական կենտրոններ հաստատել նաեւ այլ քաղաքներում։

Անդրադառնալով հայորդյաց տների կարեւոր առաքելությանը՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաեւ կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային եւ հոգեւոր արժեքների վրա։ «Ձեր  շրջանավարտ մանուկներն ու պատանիներն են մեր ապագան, որ պիտի կերտեն թե՛ իրենց կյանքի, թե՛ մեր հայրենիքի ու ազգի հաղթանակները։

Այսօրվա աշխարհում ավելի ու ավելի է ընդգծվում կարեւորությունը սեփական ակունքների ճանաչողության, ազգային ոգու զորացման։ Ձեր առաքելությունն է նաեւ զորացնել նրանց սրտերում ազգային-հոգեւոր արժեքները», — նշեց Վեհափառ Հայրապետը՝ կարեւորելով մանկավարժների աշխատանքը ազգի նվիրյալ զավակներ պատրաստելու գործում։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր եւ հետեւողական գործունեության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագետ զգացումներով իր գնահատանքը փոխանցեց նաեւ ՀԲԸՄ-ին ու բոլոր այն բարերարներին, որոնք աջակից ու զորակից են Մայր Աթոռին հայորդյաց տների սաների կրթության ու դաստիարակության նվիրական առաքելության մեջ։

Նորին Սրբությունը հանդիպման մասնակիցներին նաեւ ներկայացրեց  հայորդյաց տների նորանշանակ հոգեւոր տեսուչ, Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին՝ մաղթելով վերջինիս հաջողություններ այս նոր հանգամանքի մեջ։

Հայր Սուրբն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդնի բոլոր ջանքերը Նորին Սրբության՝ հայորդյաց տների հետ առնչված իղձերն ու նպատակներն կյանքի կոչելու համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի պայմաններում նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։