Թուրքիան երբեք չեզոքություն չի պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այս մասին Բարսելոնայում գործող Nationalia լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Թուրքիան հակամարտության մեջ երբեք չեզոքություն չի պահպանել՝ չնայած իր անդամակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր եռակողմ համանախագահությամբ միջնորդական առաքելություն է իրականացնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը եղբայրական Ադրբեջանին ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել, այլեւ սատարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին բանակաշինության հարցում՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցի բազմաթիվ սպաներ վերապատրաստվում են Թուրքիայում եւ թուրքական ռազմական խորհրդատուներ են ներգրավված՝ աջակցելու ադրբեջանական ռազմական ղեկավարությանը։

Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ Մենք մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Պարզ է, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական շատ բարդ տարածաշրջան է՝ թե՛ տարածաշրջանային եւ թե տարածաշրջանից դուրս բազմաթիվ դերակատարներով, որոնք տարածաշրջանում ունեն շահերի տարբեր մակարդակներ։ Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։

Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ միջազգային հանրության համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման հարցում. ժամանակն է, որ շահագրգիռ մյուս դերակատարներն էլ նույնն անեն»,- հայտարարել է Մայիլյանը։