Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը չի կարող խանգարել երկրում նախընտրական գործընթացի անցկացմանը: Այս մասին, «Նովոստի Գրուզիա»-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Եվս մեկ անգամ ասեմ՝ թող գա: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող հարցականի տակ դնել երկրի կայունությունը, նախընտրական գործընթացի խաղաղ անցկացումը»,-ասել է Գախարիան:

Նա նշել է, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն իրենց ժամկետին եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան:

Ավելի վաղ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Վրաստան վերադառնալու որոշման մասին Սաակաշվիլին հայտնել էր օգոստոսի 27-ին ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի ընթացքում:

Տեսաուղերձում նա հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «վստահ է ժողովրդական կամքի հաղթանակին»։ Նա նաեւ հանրությունից ներողություն էր խնդրել անցյալում թույլ տված սխալների համար։

Ներկայումս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, նա մայիսից ղեկավարում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունում բարեփոխումների գործադիր կոմիտեն։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է եղել 2004 թվականի հունվարից 2013 թվականի նոյեմբերը։ Նա երկրից հեռացել է անմիջապես այն բանից հետո, երբ ամբողջությամբ ավարտել է իր նախագահության երկրորդ ժամկետը։ Արդեն «Վրացական երազանքի» կառավարության օրոք Սաակաշվիլիին մեղադրել են իշխանության չարաշահումների եւ քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու մեջ։ Նրա դեմ հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից երկուսով ներկայումս դատավճիռներ են կայացվել։

Վրաստանի երրորդ նախագահը քանիցս հայտնել է հայրենիք վերադառնալու իր մտադրության մասին։ Ամեն անգամ «Վրացական երազանքի» առաջնորդները եւ կառավարության անդամները այդպիսի հայտարարություններին անչափ կոշտ են արձագանքել։ 2015 թվականին վրացական քաղաքացիությունից զրկված նախկին նախագահին նրանք ձերբակալությամբ են սպառնում։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: