Համացանցում տարածվել է լուսանկար, որում երևում է, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող պատմական շենքի վրա երկրորդ հարկ է կառուցվում:

Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է հրապարակումներին՝ նշելով, թե տվյալ հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային, և այնտեղ կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանը չի տվել:

«Սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ Համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով, աշխատակիցները պարբերաբար այցելում են տվյալ հասցե, բայց դուռը փակ է, իսկ սեփականատերը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ուզում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցների կողմից շինության դռանը փակցվել է գրություն առ այն, որ սեփականատերը երկուշաբթի ներկայանա համայնքապետարան»,-գրված է քաղաքապետարանի տարածած մեկնաբանության մեջ։

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս պահին աշխատանքները կասեցված են. «Անհանգստանալու կարիք չկա, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարգավորումը կարվի օրենքի տառին համապատասխան»։