ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։