«Նման հրապարակում չպետք է լիներ առնվազն այն հիմքով, որ հարկային վարչարարությունը դեռևս ավարտված չէ և հարկային պարտավորություն դեռ առաջադրված չէ ընդամենը նախագիծն է կազմվել, ինչը հանրությանը ներկայացնելը օրենքի խախտում եմ համարում», Slaq.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն անդրադառնալով «Շանգրի Լա» խաղատանը 130մլն դոլար տուգանելու հարցին:

«Դատելով վերնագրերրից, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն են տուգանել 130մլն դոլարի չափով, կարծում եմ այստեղ մի միտում կա , որպեսզի հանրային կարծիք ձևավորեն վերջինիս անվան շուրջ:

Իրականում նման նախագիծ, նշված գումարի չափով գոյություն ունի, որն ըստ մեր կարծիքի իրավաչափ չէ», -նշեց փաստաբանը:

Ըստ Սուքիասյանի՝ 7 տարի շարունակ խաղատունը գործունեությունը ծավալել է նույն հասցեում, մեկ հաշվապահությամբ և մեկ դրամարկղով և յուրաքանչյուր տարի Ֆինանսների նախարարության կողմից ստուգվել է կառավարության որոշմամբ սահմանված աշխատանքային գործընթացի պայմաններն ու պահանջները և երբևէ որևէ խախտում չի արձանագրվել:

«Տարիներ շարունակ հարկային ստուգումներ են անցկացվել նաև «Օնիրա Քլաբը» ՍՊԸ-ում և հարկ եմ համարում նշել, որ դարձյալ որևէ խաղտում չի արձանագրվել:

Ամբողջ փաստաթղթային հիմնավորումներն առկա են և մենք պատրաստվում ենք իրավական ընթացակարգով դիմել հարկային մարմին»,- հավելեց փաստաբանը: