Գյումրեցի 80 ամյա Նադիա Բաղդասարյանն ու առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 46 ամյա որդին՝ Արթուր Բաղդասարյանն արդեն յոթ ամիս է զրկված են թոշակից։ Irakanum.am-ի հետ զրույցում տարեց կինն ու նրա որդին պատմեցին, որ 2015 թվականին վաճառել են Գյումրիում գտնվող իրենց տունը և մեկնել Շվեդիա՝ Արթուր Բաղդասարյանին բուժելու նպատակով, սակայն 2020 թվականի մարտին տարեց կնոջն ու հաշմանդամի անվասալյակին գամված որդուն Շվեդիայից հետ են ուղարկում Գյումրի։ Այստեղ արդեն ընտանիքը որեւէ բնակվելու վայր չունի։ Նրանք առողջական խնդիրների պատճառով անմիջապես տեղափոխվում են հիվանդանոց, որտեղից էլ սակայն մորն ու որդուն տանում են ծերանոց։

Երկու ամիս այնտեղ մնալուց հետո տեղափոխվում են ապրելու վարձավճարով, հույս ունենալով, որ տիկին Նադիայի ծերության թոշակով և Արթուր Բաղդասարյանի հաշմանդամության թոշակով կկարողանան վճարել տան վարձը, գնել անհրաժեշտ դեղորայք ու որոշ սնունդ, սակայն մարտ ամսից սկսած տարեց կնոջն ու հաշմանդամ որդուն մի կառույցից ուղարկում են մյուսը, այդպես էլ որեւէ հուսադրող պատասխան չտալով։ Սոցապ ծառայության Գյումրու տարածքային բաժնից մի քանի անգամ Բաղդասարյաններին հայտնել են, որ դիմումը ուղարկել են Երեւան, և այնտեղից պետք է պատասխան ստանան, սակայն յոթ ամիս է որեւէ պատասխան Զարուհի Բաթոյանի ղեկավարած կառույցից չեն հայտնում։

80 ամյա կինն ու նրա որդին ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն գումար չունեն անգամ դեղորայք գնելու։ Հույս են հայտնում, որ խնդիրը ԶԼՄ-ներով բարձրացնելու պարագայում պատասխանատուները իրական քայլեր կձեռնարկեն եւ իրենք կստանան պետությունից աջակցությունից։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։